29 մայիսի 2021 - 10:39 AMT
Ալիև․ Ադրբեջանն ամրացնելու է իր սահմանները, վտանգի դեպքում թշնամին տեղում կոչնչացվի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աղդամ այցելության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ամրացնելու է իր սահմանները և ոչ ոք չի կարող իրենց վրա ազդել։

«Որոշ հայամետ երկրներ հանդես են գալիս հայտարարություններով, թող խոսեն։ Եվրախորհրդարանը կեղծ տվյալների վրա բանաձև է ընդունել։ Ադրբեջանի ժողովուրդը չպետք է դրան ուշադրություն դարձնի։ Դրանք բոլորն անիմաստ բառեր են։ Գլխավորն այն է, որ մենք ասյտեղ ենք և հավերժ ապրելու ենք այս հողի վրա»,-ասել է նա, գրում է JamNews-ը։

Ալիևը նաև կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին։

«Այսօր հայկական կողմը չի հրաժարվում սադրիչ գործողություններից։ Եթե գոնե նվազագույն վտանգ առաջանա Ադրբեջանի պետական անվտանգության համար, թշնամին անհապաղ տեղում կոչնչացվի»,-ասել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։