Հունիսի 7-ին ՀՀ-ում պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 12 օր և կավարտվի հունիսի 18-ին՝ ժամը 24:00-ին:
Ընտրություններին մասնակցում է քաղաքական 26 ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք․
1․«Արդար Հայաստան» կուսակցություն
2. Հայ ազգային կոնգրես կուսակցություն
3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
5. «Ազատություն» կուսակցություն
6. «Պատիվ ունեմ» դաշինք
7. «Միացյալ հայրենիք» կուսակցություն
8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. «Հայոց հայրենիք» կուսակցություն
13. «Ազատ հայրենիքը» դաշինք
14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
15. Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն
16. «Ազգային պահպանողական շարժում 5165» կուսակցություն
17. «Քաղաքացու ընտրություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
18. «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք
19. «Ազգային օրակարգ» կուսակցություն
20. «Վերելք» կուսակցություն
21. Ազատական կուսակցություն
22. «Հայոց արծիվներ - Միացյալ Հայաստան» կուսակցություն
23. Հայաստանի եվրոպական կուսակցություն
24. «Հայաստան» դաշինք
25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել ընտրական գործընթացի մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը», - ասվում է ԿԸՀ կոչում։
Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,581,093 ընտրող։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։