8 հունիսի 2021 - 13:05 AMT
Բաքվում սկսվել է լիբանանահայ գերի Էուլջեկչյանի դատը

Բաքվում մեկնարկել է լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեկչյանի գործով նախնական դատավարությունը։

Էուլջեկչյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել հրադադարից հետո Շուշի մեկնելիս՝ Բերձորում։

Նրան մեղադրանք է ներկայացվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետսահմանի ապօրինի հատում» հոդվածներով, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։

Դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քննությունը վարում էր Ադրբեջանի ԱԱԾ-ն։ Նախաքննությունն ավարտվել է մայիսին և գործը փոխանցվել է դատարան։

Էուլջեկչյանի դեմ մեղադրանքը կառուցվածը նրա «խոստովանական» ցուցմունքների վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վիգեն Էուլջեկչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին նա հայտնել է իր դստերն ու մորը Կարմիր խաչի միջնորդությամբ տեղի ունեցած հեռախոսազանգի միջոցով։ Նա ասել է, որ հիվանդանոց է տեղափոխվել թիկունքի շրջանում սուր ցավերի պատճառով։

Էուլջեկչյանը գերեվարվել էր լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ միասին։ Նրանք Գորիսից մեկնել էին Շուշի իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Մարտի 10-ին Նաջարյանն ազատ էր արձակվել Միջազգային կարմիր խաչի և Լիբանանի արտաքին գործերի նախարարության ջանքերով։