8 հունիսի 2021 - 16:03 AMT
ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում իրավիճակը

ՌԴ, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան Իվ լը Դրիանը և Հայկո Մաասը հունիսի 7-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Նրանք անդրադարձել են 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին։

«Կարևորվել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը և առաջացող տարաձայնությունների քաղաքական, դիվանագիտական հանգուցալուծման անհրաժեշտությունը։ Նախարարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում։ Ռուսական կողմը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկացած միացում գործընթացին հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։