8 հունիսի 2021 - 16:44 AMT
Քոչարյան․ Վաճառելով Որոտանի ՀԷԿ-երի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Որոտանի ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին հարցին, ասել է, որ ճիշտ չի համարում դրա վաճառքը և ժամանակին խոսել է այդ մասին։

Քոչարյանը հիշեցրել է, որ իր կառավարման տարիներին էլեկտրաէներգիայի սակագինը եղել է կայուն, անփոփոխ։ Նա նշել է, որ Որոտանի կասկադն իր կառավարման տարիներին հատուկ հանվել էր սեփականաշնորհման ցուցակից, քանի որ կանոնակարգող դեր էր կատարում։

«Վաճառելով Որոտանի կասկադը՝ զրկվեցինք գնագոյացման վրա ազդելու հնարավորությունից»,-ասել է Քոչարյանը։

Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադը վաճառվել է 2015-ին ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին, իսկ էլեկտրոնային քվեարկությունը՝ հունիսի 11-ից մինչև հունիսի 13-ը։