9 հունիսի 2021 - 11:23 AMT
Բլինքեն․ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Բաքվին ռազմական աջակցության նպատակահարմարությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին օգնություն, այդ թվում՝ ռազմական աջակցություն տրամադրելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պահպանվում է։

Լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ հիասթափված է վարչակազմի որոշումից, որով երկարացվեց 907-րդ ուղղման կասեցումը, որն արգելում է ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին։

«Հիմա Ադրբեջանը միանգամայն անպատիժ է գործում՝ խախտելով ՀՀ տարածքային ինքնիշխանությունը սահմանային հարցում, հրաժարվելով ազատել գերիներին։ Կարծում եմ, որ, հրաժարվելով 907-րդ ուղղման կիրառումից, մենք կանաչ լույս տվեցինք Ադրեջանին»,- ասել է նա, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իր հերթին, ասել է, որ Կոնգրեսում իրենց դաշնակիցների օգնությամբ պահանջում են անհապաղ կասեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։