9 հունիսի 2021 - 17:51 AMT
Զախարովա․ ՈւԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը թույլ կտա Առուստամյանին լուսաբանել Եվրոյի խաղերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բաքվի դիրքորոշման պատճառով լրագրող Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ին չհավատարմագրելուն, ասել է, որ ՈւԵՖԱ-ն լուծում է փնտրում, որը թույլ կտա Նոբել Առուստամյանին լուսաբանել Եվրոյի խաղերը։

Բաքուն չի հավատարմագրել հայտնի մարզական մեկնաբան ռուսաստանաբնակ Նոբել Առուստամյանին, ինչը նշանակում է , որ նա չի կարողանա լուսաբանել Բաքվից բացի այլ երկրներում անցնող Եվրո-2020-ի խաղերը ևս։ Հավատարմագրման համար լրագրողը պետք է հավանություն ստանա Եվրոպայի առաջնությունն ընդունող բոլոր երկրներից։

«Հավատում եմ, որ լուծում կգտնվի։ Երեկ ամբողջ երեկո դրանով ենք զբաղվել։ Եվ կարող եմ ասել, որ բոլոր կողմերից նման կառուցողական մոտեցում վաղուց չեմ տեսել»,-ասել է նա, գրում է championat.com-ը։

Զախարովան հայտնել է նաև, որ ՌԴ-ում անում են ամեն հնարավորը, որպեսզի Եվրոպայի առաջնությունը լավ անցնի։

Իրավիճակին անդրադարձել էր նաև «Մատչ Տվ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին։ Իր տելեգրամ ալիքում նա նշել էր, որ հնարավոր ամեն ինչ արվում է իրավիճակը հանգուցալուծելու համար։

Եվրո-2020-ն անցկացվելու էր նախորդ ամռանը, սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը տեղափովեց 2021թ․։ Խաղերը կայանալու են հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Բաքուն կընդունի խմբային փուլի 3 հանդիպում և 1 քառորդ եզրափակիչ։