10 հունիսի 2021 - 13:04 AMT
Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Եվրո-2020-ին

Հայտնի ռուսաստանաբնակ սպորտային մեկնաբան և «Մատչ ՏՎ»-ի լրագրող Նոբել Առուստամյանին հավատարմագրել են Ադրբեջանում՝ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար։ Այդ մասին հայտնել է «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին։

Հունիսի 8-ին լրագրող Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն մերժել է Առուստամյանի հավատարմագրումը վերջինիս ազգային պատկանելության պատճառով։ Ընդ որում, նա զրկվել էր ոչ միայն Բաքվում կայանալիք հանդիպումները լուսաբանելու հնարավորությունից, այլև մյուս երկրներում ու քաղաքներում կայանալիք խաղերը։

ՌԴ ԱԳՆ, «ՄԱՏՉ ՏՎ»-ի և ՈւԵՖԱ-ի միջամտությունից հետո լրագրողը ստացել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորություն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհակալություն է հայտնել ՈւԵՖԱ-ին աջակցության համար։

«Գերազանց է։ ՈւԵՖԱ-ին շնորհակալություն։ Շարունակում ենք աշխատել»,-գրել է նա։

Եվրո-2020-ի հանդիպումներն անցկացվելու են հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի մի քանի երկրներում։