10 հունիսի 2021 - 17:16 AMT
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Բաքուն 6 հայ գերու առողջության մասին փաստաթղթեր է տրամադրել

Մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020-ի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ:

Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:

Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։