11 հունիսի 2021 - 12:00 AMT
Մակրոնն Էրդողանի հետ կքննարկի ԼՂ-ում իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հանդիպումը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որն անցնելու է Բրյուսելում` հունիսի 14-ին։

«Ես ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին»,-ասել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Էրդողանին է ներկայացնելու այն աշխատանքը, որը Ֆրանսիան վարում է ծայրահեղ իսլամիզմի և անջատողականության դեմ։

«Դա լավ հնարավորություն կլինի մի շարք հարցերի շուրջ կարծիքների փոխանակման համար։ Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք այդ մասին, բայց, կարծում եմ, որ հարկավոր է երկխոսություն վարել»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անկախ մեր տարաձաւնություններից, մեզ բանավեճ է հարկավոր դեմ առ դեմ։ Խոսել պետք է միշտ, նույնիսկ, երբ կան տարաձայնություններ»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ միշտ պարզ է արտահայտվել մարդու իրավունքների, լրագրողների պաշտպանության և քաղաքական ընդդիմության հարցերում։

Վերջին շրջանում Մակրոնի և Էրդողանի հարաբերությունները լարված են։ 2020-ի աշնանն ու դեկտեմբերին Ֆրանսիան բազմիցս պահանջել է Թուրքիայից պարզաբանել իր դերը ղարաբաղյան հակամարտությունում, իսկ Մակրոնը հայտարարել, որ Փարիզը տեղեկություններ ունի, որ Անկարան գրոհայիններ է ուղարկում Սիրիայից Լեռնային Ղարաբաղ։ Նա նաև սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի միակողմանի գործողություններից Հունաստանի և Կիպրոսի հանդեպ։ Դեկտեմբերին ԵՄ-ն որոշեց ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը Միջերկրական ծովում վերջինիս գործողությունների պատճառով։

Էրդողանն իր հերթին խիստ քննադատել էր Մակրոնին իսլամական անջատողականության դեմ պայքարելու նրա կոչերի պատճառով։

Photo. AFP via Getty Images