11 հունիսի 2021 - 13:31 AMT
Չեխիայի խորհրդարանը կոչ է արել անհապաղ ազատել հայ գերիներին

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն բանաձև է ընդունել` պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին,, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի Կոբզայի կողմից ուղարկված զարգացումների մասին տեղեկանքի հիման վրա։

Նշվում է նաև, որ բանավեճից հետո Արտաքին հարաբերությունների կոմիտեն, նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին Human Rights Watch-ը հաղորդել է, որ Ադրբեջանի անվտանգության և զինված ուժերը բռնություն են գործադրում հայ ռազմագերիների նկատմամբ, ենթարկում դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների․

«I. Կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին, և կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների, ինչպես նաև՝ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում:

II. Ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար։ Իր համերաշխությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների և ավերածությունների։ Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները և հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը։

III. Անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տրամադրի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի և նրանց առողջության մասին, ներառյալ՝ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին։

IV. Անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին։

«V. Մենք խնդրում ենք Չեխիայի Հանրապետության կառավարությանը Եվրամիության շրջանակներում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով»,-ասվում է բանաձևում։

Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։