15 հունիսի 2021 - 18:48 AMT
Իրանի խորհրդարանի զեկույց․ Եթե ՀՀ-ով միջանցքը գործարկվի, Թուրքիան ջանալու է՝ հայ-իրանական սահմանն անօգուտ դարձնելու

Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը «Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմն ու Իրանի իսլամական հանրապետության ազգային շահերը» թեմայով զեկույցում շեշտադրվել է, որ նոյեմբերի 10-ի համաձայնության 9-րդ կետի վերաբերյալ անորոշություն կա, քանի որ Հայաստանը խոսում է հաղորդակցման ուղիների բացման, իսկ Ադրբեջանը՝ միջանցքի ստեղծման մասին:

Նշվել է, որ եթե այդ միջանցքը գործարկվի, ապա ապրանքների և էներգիայի տեղափոխման համար Թուրքիան այդ ճանապարհն է օգտագործելու և ջանալու է հայ-իրանական սահմանը գործնականում անօգուտ սահմանի վերածել և կտրել Կովկասին Իրանի հասանելիությունը: Ընդգծվել է, որ եթե թյուրքախոս երկրների միջև ցամաքային կապ ապահովվի, ապա Իրանը դուրս կմնա Կենտրոնական Ասիայի ապրանքների և էներգիայի փոխադրման ու տարանցման գործընթացներից, գրում է Region Monitor-ը։

Ընդգծվել է, որ միջանցքի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ցանկությունն է, որը արտահայտվում է Ադրբեջանի իշխանությունների միջոցով: Նշվել է, որ նման միջանցքի ստեղծումը կնպաստի Թուրքիայի տարածաշրջանային նպատակի իրագործմանը՝ Մեծ Թուրանի ստեղծմանը: Ընդգծվել է, որ Բաքուն միջանցքի ստեղծման համար բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել և այդ համատեքստում Հայաստանի սահմանին իրականացվող գործողությունները կարևոր են:

Եզրակացության մեջ նշվել է, որ Իրանը պետք է մեծացնի իր դերակատարումը հետևյալ միջոցներով՝

-Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ամբողջացում,

-Ադրբեջանի և մասնավորապես՝ «ազատագրված տարածքների» հետ հաղորդակցական ուղիների ավելացում,

-Իրանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության դյուրացում,

-Հայաստանի և Իրանի միջև ցամաքային ճանապարհի վերանորոգում և ամբողջացում:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։