16 հունիսի 2021 - 10:59 AMT
ՄԻՊ․ Որոշ պաշտոնյաներ հանցածին վարքագիծ ունեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՄԻՊ նկատմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՄԻՊ-ի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

«Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով ՄԻՊ-ից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: ՄԻՊ-ը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:

Վերոնշյալ պաշտոնյաների գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են: Դրանց թվում առկա են նաև Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից ՄԻՊ աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում»,-ասվում է հայտարարության մեջ:

ՄԻՊ մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն: Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր:

«Այս պաշտոնյաները, փաստորեն, չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով: Նրանք չեն գիտակցում, որ իրենց կրիմինոգեն արարքներով այն էլ այս պատասխանատու նախընտրական շրջանում մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։