16 մարտի 2009 - 14:09 AMT
Կիրո Մանոյան. Այն համոզվածությունը, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, միանգամայն հիմնավորված է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջիկա այցը Թուրքիա կարող է մեկնաբանվել տարբեր տեսակետներից: Առաջինը` Բարաք Օբաման որոշել է չօգտագործել ցեղասպանություն բառը` հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում եւ մեկնում է Թուրքիայի ղեկավարությանը հանգստացնելու համար: Եկրորդը` ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ մեկնում է թուրքերին սիրաշահելու համար: Եվ երրորդը` Օբաման խորհուրդ կտա թուրքական կողմին կարգավորել հարաբերություններն Երեւանի հետ, ինչին կնպաստի ապրիլի 16-ին կայանալիք Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այցը Հայաստան: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Բոլորին է հայտնի, որ Հայոց ցեղասպանության հարցը եղել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցի օրակարգում, թեեւ հրապարակավ այդ մասին ոչինչ չի ասվել: Պատճառը մեկն է` մինչ Բարաք Օբամայի այցն Անկարա, ԱՄՆ-ն չի ցանկանում քննարկել այդ հարցը»,-նշել է Մանոյանը: Նա հավելել է, որ ՀՅԴ-ն հավատում է, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, դա հիմնավորված է ոչ միայն Օբամայի բազմաթիվ խոստումներով, այլ նաեւ նրանով, որ այսօր ԱՄՆ վարչակազմն ու փոխնախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են:

«Մենք վստահ ենք, որ Բարաք Օբաման որպես ԱՄՆ նախագահ չի ցանկանա, որ Վաշինգտոնն ունենա այնպիսի դաշնակից, որը ոչ միայն ցեղասպանություն գործեց Առաջին աշխարհամարտի տարիներին, այլ նաեւ շարունակում է ժխտել այդ փաստը»,-նշել է Կիրո Մանոյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կստիպի Թուրքիային հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` հետագա հետեւանքներից խուսափելու համար: «Արդեն այժմ Թուրքիան շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին` ասելով, թե կդադարի բանակցել Հայաստանի հետ, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, եւ Անկարայի նման քաղաքականությունը բնական է»,-գտնում է Կիրո Մանոյանը: