16 մարտի 2009 - 16:57 AMT
Ադանայի հայերի ջարդերին նվիրված սիմպոզիումը տեղի կունենա ոչ թե Լոնդոնում, այլ Ստամբուլում
Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին նվիրված Միջազգային սիմպոզիումը, որը պետք է տեղի ունենար մարտի 28-ին Լոնդոնի տնտեսության դպրոցում, տեղափոխվել է նոյեմբերի 6-7 Ստամբուլի Սաբանչի համալսարան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Լոնդոնի Կոմիտասի Ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի խոսքով, սիմպոզիումի անցկացումը Ստամբուլում մի հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել: «Ադանայի ջարդերը օսմանյան պատմության մի մասն են, եւ Թուրքիայում արդեն մեծ հետաքրքրություն կա այդ սիմպոզիումի հանդեպ: Մենք ծրագրում ենք ընդլայնել սիմպոզիումին մասնակցելու ցանկություն հայտնած թուրք գիտնականների կազմը»,- ընդգծել է Սարաֆյանը:

1909թ. ապրիլյան ջարդերի ժամանակ Ադանայում ոչնչացվեց մոտ 30 հազար հայ, որոնք կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Ադանայի ջարդերը ամենախոշորն էին սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք` 1896-97թթ. իրագործված կոտորածներից հետո, որոնց ժամանակ կոտորվեց 300 հազար հայ` Օսմանյան կայսրության քաղաքացի: