16 մարտի 2009 - 17:24 AMT
ՀԱՊԿ ընդլայնում է ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակը
ՀԱՊԿ ընդլայնում է ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակը, որոնք սպառնալիք են հանդիսանում ՀԱՊԿ կազմի մեջ մտնող պետությունների անվտանգությանը: 2004թ. նոյեմբերին ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի նիստին հրապարակվեց ՀԱՊԿ կազմի մեջ մտնող պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակ: «Անցյալ տարվա ընթացքում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ազգային ցուցակները, որոնց հիման վրա էլ կազմվել է ընդհանրացված ցուցակը, ներառված են նոր կազմակերպություններ, ինչը պահանջեց վերանայել եւ նորացնել փաստաթուղթը»,- հաղորդել է ՀԱՊԿ Քարտուղարության մարտահրավերների եւ սպառնալիքների հարցով վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Վոլոխը:

ՀԱՊԿ Քարտուղարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ 2004թ. ցուցակում կար 22 ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպություն: Նորացված ցուցակում դրանք 29 են: «Փաստաթղթի մեջ ներառված են միայն այն կազմակերպությունները, որոնց գործունեությունն արգելված է Կազմակերպության անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հիման վրա կատարված դատական որոշումներով»,- ընդգծել է Վոլոխը` ավելացնելով, որ նորացված փաստաթուղթը թույլ կտա բարձրացնել անդամ պետությունների հատուկ ծառայությունների եւ իրավապաշտպան մարմինների միջեւ փոխգործակցության եւ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների ցուցակի նախագիծը դիտարկվում է Կազմակերպության մշտական խորհրդի կողմից եւ ուղղված է պետություններին` համաձայնեցման ընթացակարգի իրականացման համար, ճշտել են Քարտուղարությունում, հաղորդել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: