16 մարտի 2009 - 20:39 AMT
Հայաստանի պետբյուջե. Միջեռամսյակային ծախսերը պետք է վերանայվեն
Մարտի 16-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների գլխավոր ֆինանսիստների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, խորհրդակցությանը քննարկվում էին այս տարվա մարտի 12-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձման գործընթացը կանոնակարգելու նպատակով տրված հանձնարարականի հետ կապված առանձին խնդիրներ:

Պ. Սաֆարյանը ներկաներին տեղեկացրեց, որ համաձայն ՀՀ կառավարության 2009թ մարտի 12-ի նիստում տրված հանձնարարականի, պետք է իրականացվեն ՀՀ 2009թ. պետական բյուջեով նախատեսված որոշ ծախսերի միջեռամսյակային վերաբաշխումներ, ինչպես նաեւ որոշ ծախսերի ժամանակավոր կասեցում:

Խորհրդակցության ընթացքում տրվեցին պարզաբանումներ մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների շուրջ, քննարկվեցին ներկայիս պայմաններում պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ նշվեց, որ մինչեւ այս տարվա մարտի 18-ը բոլոր գերատեսչությունները ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ որոշ ծախսերի միջեռամսյակային վերաբաշխումների, ինչպես նաեւ որոշ ծախսերի ժամանակավոր կասեցման վերաբերյալ: