16 մարտի 2009 - 21:04 AMT
Հրանուշ Հակոբյանը եւ Նուրբոլատ Ալիմբաեւը քննարկել են հայ-ղազախական համագործակցության հարցեր
Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլատ Ալիմբաեւի եւ դեսպանության խորհրդական Կարտայ Խաիրովի հետ: Քննարկվեցին հայ-ղազախական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես Ղազախստանի հայ համայնքի հետ գործակցության զարգացմանը վերաբերող խնդիրներ: Քննարկվեց նաեւ հայ համայնքի կողմից Ղազախստանում կազմակերպված մշակույթի տների ցանցի գործունեության եւ դրանց ապագա զարգացումների դրական միտումները: Երկուստեք մատնանշեցին` Ղազախստանում ապրող հայերի դերը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում ակտիվ ներգրավվածության առումով եւ հիշատակվեց հատկապես Ղազախստանի հայ պետական-քաղաքական գործիչ Լեւոն Միրզոյանի ունեցած անգնահատելի դերը, որի գործը այսօր էլ շարունակվում է: Ղազախ դիվանագետը ՀՀ սփյուռքի նախարարին տեղեկացրեց մարտի 18-ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության եւ Հայաստանի ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հետ համատեղ` «միջէթնիկական եւ միջկրոնական համերաշխության ղազախստանյան մոդելը» թեմայով կլոր սեղանի կազմակերպման վերաբերյալ եւ հրավիրեց նախարարության աշխատակիցներին մասնակցելու այդ միջոցառմանը, հաղորդում է ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: