26 հունիսի 2021 - 11:20 AMT
Ընտրակաշառքի հետքերով 23 քրգործ կա

Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ հաղորդումներով հունիսի 25-ի դրությամբ հարուցվել է 37 քրեական գործ, որոնցիցի 23-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով։

Ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի հատկանիշներով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Քրեական գործերից 1-ը հարուցվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, 1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, ևս 4-ն էլ՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ:

Նշված 47 անձանցից, մասնավորապես՝ 22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար, 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար, 2-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, 1-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 1-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,1 անձ կասկածվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու մեջ:

Ընտրակաշառք տալու համար, ըստ հաղորդագրության, տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։