28 հունիսի 2021 - 11:01 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանցիները ՀՀ-ում սպառնացել են Տեղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը

Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Այդ մասին ասվում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Մասնավորապես, հունիսի 26-ին Տեղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Երբ գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորությամբ՝ Տեղի վարչական տարածքի մեջ, նկատել են, որ ադրբեջանական 5 զինծառայող ագրեսիվ պահվածքով և գոռգոռալով մոտենում են իրենց:

Մոտ 150 մետր մոտենալով՝ նրանք դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը: Նրանցից երկուսն առավել ագրեսիվ պահվածքով են եղել ու գյուղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլևս ընդհանրապես չգան և չփորձեն օգտվել հողերից:

Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները: «Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար:

Գյուղացիները կարողացել են խոտը հավաքել միայն հունիսի 27-ին, երբ այդ վայր է գնացել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները:

Այս տեղեկությունները ՄԻՊ-ին ներկայացրել են գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաև Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը: Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:

Այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ: