29 հունիսի 2021 - 18:30 AMT
ԱԳՆ․ Լեհաստանը պատրաստ է աջակցել ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դրական գնահատականը, ըստ որի` միջազգային չափանիշները բավարարվել են և ապահովվել է քվեարկության գործընթացի թափանցիկությունը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Լեհաստանը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության նոր կառավարության հետ, որը կկազմավորվի արտահերթ ընտրությունների արդյունքում և հույս է կապում երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացման հետ: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման գործընթացում, ինչպես նաև համատեղ աշխատել ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների առավել ընդլայնման և հակամարտությունների լիարժեք լուծման ուղղությամբ»,-ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։