6 հուլիսի 2021 - 10:35 AMT
Արցախում #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր է կնքվել

Արցախում #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր է կնքվել։

Հուլիսի 5-ին Արցախի երիտասարդության պալատում ստորագրվել է եռակողմ փոխգործակցության հուշագիր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Տեք Վիքի և Արդյունավետ կառավարություն հիմնադրամի միջև՝ «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրը սկիզբ է առնում Արցախում՝ հեռավար աշխատանքի ՀամԱշխատանքային (CoWorking) տարածքներ ստեղծելով Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։

Ծրագրի նպատակն է Արցախում ձևավորել այսօրվա միջազգային և տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող աշխատուժ և էկոհամակարգ, որտեղ մարդիկ, ապրելով Արցախում, կաշխատեն միջազգային կազմակերպություններում՝ հեռահար կարգով, կամ կստեղծեն ապրանքներ և ծառայույթուններ միջազգային շուկայի համար։

1-ին փուլում իրականացվելու են ծրագրի իրագործման տեղեկատվական աշխատանքները՝ ներկայացնելով և պատմելով Արցախի բնակչությանն ու հնարավոր գործընկեր և գործատու ընկերություններին այս ծրագրի և ստեղծվող հնարավորությունների մասին։ Սա կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանն ու հնարավոր մասնակիցների արագ ընդգրկմանը ՀամԱշխատանքային/CoWorking տարածքներում աշխատելու գործընթացին։

Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերում հավաքագրվելու են բոլոր հետաքրքրվածները և կազմակերպվելու է ձևավորված խմբերի վերապատրաստման գործընթաց, ինչպես նաև նախապատրաստվելու են գործատուների ցանցն ու ՀամԱՇխարհային/CoWorking տարածքները՝ հետագայում շարունակական կրթություն և զբաղվածություն ապահովելու նպատակով։

Արդյունքում Արցախում կստեղծվի նորագույն տեխնոլոգիաների տարբեր ոլորտներից հմտություններ մեծ պաշար ունեցող անհատների խումբ, ՀամԱշխատանքային տարածքներ և գործատուների մեծ ցանց, որոնք աջակցում են շարունակական կրթական ծրագրերին և պատրաստ են աշխատանք առաջարկել բոլոր հետաքրքրված անհատներին և խմբերին։ Սա հնարավարություն կտա, լուծելով զբաղվածության խնդիրը, միաժամանակ դուրս բերել և ճանաչելի դարձնել Արցախն աշխարհին և հայտնի ընկերություններին։

Այս և նման ծրագրերն ու համագործակցությունները, որ բխելու են Tech Week Արցախ 2021 նախաձեռնությունից, լինելու են ապագայի Արցախի սկիզբը և իրապես նորովի ներկայացնելու Արցախն աշխարհին։