17 մարտի 2009 - 18:10 AMT
Հայաստանում հրատարակվել է «Հայկական գիտա-տեխնոլոգիական ազգային ակադեմիայի նորությունները» լրագիրը
Հայկական գիտա-տեխնոլոգիական ազգային ակադեմիան հրատարակել է «Հայկական գիտա-տեխնոլոգիական ազգային ակադեմիայի նորությունները» լրագրի առաջին համարը: Լրագրի առաջին համարում ներկայացված են 11 հայ գիտնականների գիտա-արդյունաբերական գյուտերը: Հայտնագործությունների մասին յուրաքանչյուր հոդված նախքան հրատարակվելը անցնում է քննարկման եւ գիտական ցենզուրայի փուլը:
Լրագիրը լուսաբանում է տեխնոլոգիական գիտության ամենալայն շրջանակի հարցերը: Հրատարակությունը նախատեսված է գիտաշխատողների, ինժեներների, ձեռնարկությունների ղեկավարների, բուհերի դասախոսների եւ ասպիրանտների համար:
Հայկական գիտա-տեխնոլոգիական ազգային ակադեմիան գոյություն ունի արդեն երկու տարի: ԱԳՏԱ ակադեմիայի 9 գիտական բաժիններում միայն գիտական աշխատանքներ չեն իրականացվում: Գիտա-տեխնոլոգիական ոլորտի 70 բարձրորակ մասնագետներ իրենց առաջ նպատակ են դրել ամեն կերպ նպաստել Հայաստանի արդյունաբերության զարգացմանը: «Մենք պատրաստ ենք համագործակցել այն մարդկանց հետ, որոնք կկարողանան իրենց հայտնագործություններով նպաստել տնտեսության եւ արդյունաբերության զարգացմանը»,- նշել է լրագրի գլխավոր խմբագիր Արեգ Սիմոնյանը: