Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ Ադրբեջանն, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար։
Նա նշել է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Փաշինյանը նաև հավելել է, որ Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, գրում է «Առավոտը»։
«Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում եղած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես՝ հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է ԵՄ-ի աջակցությունը»,-ասել է Փաշինյանը։
Նա նաև կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը։
«Ռազմագերիներին, պատանդներին չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ»,-ասել է նա։
Երկօրյա այցով ՀՀ-ում գտնվող Միշելը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: