21 հուլիսի 2021 - 10:52 AMT
Պուտինը՝ Ալիևին․ Եթե ուզում ենք կարգավորում, պետք է գնանք փոխզիջումների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, շնորհակալություն է հայտնել վերջինիս Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար և հավելել, որ եթե ուզում են կարգավորում, պետք է գնալ փոխզիջումների ճանապարհով։

«Անկասկած, ամենակարևոր հարցերից է շարունակում մնալ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը։ Գիտեմ, որ դուք, անշուշտ, դրան մեծ ուշադրություն եք հատկացնում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են փոխզիջումային տարբերակներ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ այդպիսի որոշումները միշտ ամենաբարդն են։

«Բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչև հիմա դա մեզ հաջողվել է անել»,- ասել է Պուտինը։

Ավելի վաղ Կրեմլից ասել էին, որ Պուտինը և Ալիևը հուլիսի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը։