22 հուլիսի 2021 - 10:44 AMT
ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է պատրաստում Երասխի վերաբերյալ՝ անգլերեն, ապացույցներով հիմնավորված

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայումս ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով, ապացույցներով հիմնավորված: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրել է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել: