Ադրբեջանի վերահսկվող տարածքում հայտնված Ասկերանի բնակիչը վերադարձվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»,–ասվում է գրառման մեջ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 22-ին Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված: