24 հուլիսի 2021 - 13:18 AMT
Երևանում հրաժեշտ են տալիս Ջիվան Գասպարյանին

Հուլիսի 24-ին Երևանում վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին։

Վերջին հրաժեշտի արարողությունը մեկնարկել է 11։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն կտևի մինչև 14։00-ն։

Մեծանուն երաժշտին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել։

Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին՝ ԱՄՆ-ում:

Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-ական, 40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը` արժանացել բարձր գնահատության:

Հայաստանում նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», Endliees Vision 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ...

Այնպիսի հանրահայտ ու տաղանդավոր ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Դոկտոր Ժիվագո», «Ագռավը», «Ռուսական տուն» և ուրիշ կինոստեղծագործություններ, հնչում է Ջիվանի դուդուկը` հարստացնելով ձայնաշարը և հաղորդելով մի առանձնակի խորհուրդ: