26 հուլիսի 2021 - 15:11 AMT
Թուրքիան ՀՀ-ին նոր խնդիրներով է սպառնում

Թուրքիայի իշխող կուսակցությունը նոր սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ հասցեին՝ «ագրեսիվ» անվանելով ՀՀ արտաքին քաղաքականությունը և նշելով, որ եթե Երևանը չհրաժարվի դրանից, «նոր խնդիրների կբախվի», տեղեկացնում է Anadolu-ն։

Իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) պաշտոնական ներկայացուցիչ, փոխնախագահ Օմեր Չելիքը հայտարարել է, թե Երևանի «ագրեսիվ քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերի» այդ երկրին։ «Հայաստանը չպետք է ինքնախաբեությամբ զբաղվի և տեղի տա այն շրջանակների հռետորաբանությանը, որոնք դրդում են նրան սադրանքների, ինչպիսին էր, օրինակ, սադրանքը Ադրբեջանի Քելբաջարի շրջանի ուղղությամբ»,-գրել է Չելիքը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։

Նա գրել է նաև, թե «Երևանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանային քաղաքականությանը։ «Հետևանքների համար պատասխանատվություն են կրում նաև այն ուժերը, որոնք դրդում են Երևանին նման գործողությունների։ Այդ ուժերը միանշանակ չեն սատարի ՀՀ-ին, երբ պատշաճ պատասխան տրվի», Հայաստանի վիճակը միայն կվատթարանա»,-ասվում է գրառաման մեջ։

Չելիքը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնության մասին՝ տարածաշրջանում «երկխոսության մեխանիզմի ձևավորման» վերաբերյալ։ «Եթե ՀՀ-ն հրաժարվի ագրեսիվ գործողություններից, ապա կարող է դառնալ այդ մեխանիզմի մի մասը։ Երևանը չպետք է կորցնի այդ պատմական շանսը և բազմակողմանի պետք է գնահատի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կոչերը։ Հակառակ դեպքում, այդ երկրին նոր խնդիրներն ես սպասում։ Հայաստանը չի կարող կասկածի տակ դնել տարածաշրջանային խաղաղությունը։ Դա թույլ չի տրվի»,-գրել է նա։

Հուլիսի 23-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Նրան հաջողվել է փրկել և կյանքին այժմ վտանգ չի սպառնում։

Հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։