26 հուլիսի 2021 - 17:26 AMT
ՊԲ․ Քաշաթաղում փոխհրաձգության և Մարտունու հատվածում հարձակման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ այն, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպես նաև Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն իր հերթին հայտարարել է, որ շփման գծում իրավիճակը կայուն է և գտնվում է ՊԲ և ռուս խաղաղապահների լիարժեք վերահսկողության տակ, տեղեկացնում է Արցախպրեսը:

«Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Ներկա պահին շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է: Հորդորում եմ հանրությանը ավելի ուշադիր լինել և չօգտվել կեղծ տեղեկատվական հարթակներից, այլ միայն վստահված լրատվամիջոցներից ստանալ ինֆորմացիաԾ,-ասել է նա։