Շուտով կորոնավիրուսի դեմ պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար պետք է նմանատիպ խրախուսող միջոցառումներ անել:
Ավանեսյանը հայտնել է, որ մշակվում է որոշակի սահմանափակումների փաթեթ, որը հանրությանը կներկայացվի օգոստոսի 2-րդ կեսին, գրում է «Փաստինֆոն»։
«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, մենք տեսնում ենք, որ երկրները, որտեղ համաճարակը դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում», - ասել է Ավանեսյանը:
Նա նշել է, որ Հայաստանում վերջին 3 ամսվա ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը բավականին կայունացել է, նրա խոսքով՝ ՀՀ-ն գտնվում է «կանաչ գոտում»:
Նախարարի պաշտոնակատարը նաև արձանագրել է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում երկրում պատվաստողների թվի կտրուկ աճ է նկատվում։
«Երեկվա դրությամբ պատվաստողների թիվն անցել է 150,000-ը: Մենք շաբաթական կտրվածքով արդեն մեծ թվեր ենք ապահովում և պետք է շարունակենք»,-ասել է Ավանեսյանը:
Վերջինս նաև հայտնել է, որ Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը։
«Այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չունենք, բայց համաճարակային հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլ այն շրջանառվում է»,-ասել է Ավանեսյանը։