27 հուլիսի 2021 - 11:20 AMT
Պետրոսյան․ Օր առաջ պետք է լուծվի Արաքսի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման հարցը

Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ իրավախախտները գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի արդյունահանման խնդիրների վերաբերյալ։ Քննարկմանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացվել է տեղեկանք, համաձայն որի Արաքսի ամբողջ երկայնքով գործում է 16 օգտակար հանածոյի արդյունահանման և 3 երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընկերություն։ Արաքսի ավազանում տեսչության կողմից իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն։

Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրվել է Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով հարուցվել է 9 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են մոտ 312,000 խմ ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է մոտ 143 մլն դրամի վնաս, իսկ մոտ 113,000 քմ տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շմոտ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Արարատի և Արմավիրի մարզպետները ներկայացրել են այն խնդիրների համալիրը, որն առաջ է բերում ապօրինի ընդերքօգտագործումը․ թե՛ Արաքս գետի հունի փոփոխման, թե՛ լանդշաֆտի և հողերի դեգրադացման տեսանկյունից։

Գործընկերներիս հորդորել եմ խնդիրը քննարկել երկու հարթություններում։ Առաջինը՝ Արաքս գետի հունի անխաթարության պահպանումն է, որը հանդիպմանը ներկա շրջանակի լիազորություներից ավելի վեր լիազորություններ է ենթադրում, երկրորդը՝ ավազի հանքերի շահագործման կանոնակարգումն է։ Այս թեմայի շուրջ աշխատանքային հանդիպումները կրելու են պարբերական բնույթ»,- ասվում է գրառման մեջ։