27 հուլիսի 2021 - 12:40 AMT
Հայ դպրոցականն արծաթե մեդալ է նվաճել Կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։

Ավանեսյանն Արցախի Մարտունու համար 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։

Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 76 երկրի 304 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել են․ ԵՊՀ-ից՝ Գայանե Ղուկասյանը, Սեդա Մարությանը և Եվա Սողոյանը, ՀՊՄՀ-ից՝ Սամվել Պիպոյանը, իսկ ԵՊԲՀ-ից՝ Արեն Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը։

Օլիմպիադայի փակման առցանց արարողության ժամանակ Պորտուգալիայի թիմի կազմկոմիտեի ղեկավար-կոորդինատոր Խոսե Անտոնիո Մաթոսը վիրտուալ գավաթը փոխանցել է 2022 թ․-ին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի կոորդինատոր Գայանե Ղուկասյանին՝ այդպիսով ազդարարելով նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։

Կենսաբանության 31-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր մեկ բրոնզե մեդալի (Մհեր Կուրղինյան, «Հերացի» ավագ դպրոց)։