27 հուլիսի 2021 - 12:15 AMT
Գյումրու Պլպլան ժամի որմնանկարները պատել են սպիտակ ներկով՝ հոգնել են այցելուներին դրանք պարզաբանելուց

Գյումրու Սբ Միքայել Հրեշտակապետի ռուսական ուղղափառ մատուռի կամ, գյումրեցիների լեզվով ասած, Պլպլան ժամի որմնանկարներն արդեն մեկ ամիս է՝ ծածկվել են սպիտակ ներկով։ Զբոսաշրջիկների ու այցելուների զարմանքին ի պատասխան՝ պատասխանում են, որ դրանք վիճաբանության թեմա էին դարձել այցելուների և հոգևորականների միջև։ Խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար որոշում են կայացրել սպիտակ ներկով ծածկել և պատերի որմնանկարները, և գմբեթին պատկերված «Աստծո աչքը», տեղեկացնում է Հանրային ռադիոն։

19-րդ դարավերջին կառուցված և 1886-ին օծված մատուռը ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հուշահամալիրի՝ «Պատվո բլուրի» տարածքում է։ 2010-ին այն վերականգնվեց ու վերաբացվեց ՀՀ և ՌԴ նախագահների ներկայությամբ՝ դառնալով երկու երկրների բարեկամությունը խորհրդանշող ամենաայցելվող հասցեներից մեկը։ Վերականգնվելուց հետո մատուռի պատերին թեմատիկ նկարներ պատկերեց գյումրեցի նկարիչ Հայկ Սերոբյանը։

Աստծո ա՞չք, թե՞ մասոնական խորհրդանիշ․ Գյումրու ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատան առաստաղին պատկերաված աչքը եռանկյան մեջ այնքան հաճախ է հարց առաջացրել, որ խնդիրը որոշել են արմատապես լուծել․ ոչ թե շարունակ պարզաբանելով, այլ պարզապես նկարը հեռացնելով։ Ընդ որում՝ դրա հետ մեկտեղ սպիտակ ներկով են ծածկել նաեւ եկեղեցու բոլոր որմնանկարները։ Բայց հարցերը սրանով չեն պակասել։ Եկեղեցի-ժամատուն այցելողները հիմա էլ այլ հարց են տալիս՝ ինչո՞ւ են վերացվել պատերի նկարները։

«Ռադիլուրը» որոշել է պարզել ո՞ւր եւ ինչո՞ւ անհետացան եկեղեցու որմնանկարները։ Հարցերին ի պատասխան՝ պատմել են, որ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովվի՝ տեր Արտեմի ԷմկեյիM նյարդերը տեղի են տվել այցելուների հետ պարբերաբար վեճերից։

«Նա դիմել Վլադիկովկասում գտնվող իր վերադասին՝ Լեոնիդ արքեպիսկոպոսին, համաձայնությունը ստացել և սկսել գործել։ Նա ասում է՝ ես ամեն ինչ ռուսական ոճով է անելու, պատերը սպիտակ կլինեն, պատերին՝ սրբապատկերներ։ Մոսկվայից խորան է ստացել, արևելյան մասում խորանը կտեղադրվի»։

Եկեղեցու որմնանկարներն արդեն սպիտակ են ներկվել, սակայն գմբեթին պատկերված վիճահարույց «աչքը» դեռ չի ճերմակել, սպասում են՝ տեր Արտեմին Ռուսաստանից վերադառնա, գործն ավարտին հասցնի։