27 հուլիսի 2021 - 13:50 AMT
Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Փարամազյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը: Այդ մասին հայտնել է Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Մեր բողոքը մերժել են, կալանքը մնում է ուժի մեջ: Բնականաբար, սպասելի էր դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում, եթե սպասելի չլիներ, երեկ դատական նիստերի դահլիճից դուրս չէինք գա»,- ասել է նա:

Վարոսյանը նշել է, որ կդիմեն Վճռաբեկ դատարան, ըստ արդյունքի՝ շարունակությունը պարզ կլինի:

«Պարոն Փարամազյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, անսպասելի որևէ բան չկա իր համար: Կարևորը հանգիստ է, տոկուն»,- ասել է պաշտպանը:

Փարամազյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատավոր Գագիկ Պողոսյան, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով: Քաջարանի քաղաքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։

Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: