27 հուլիսի 2021 - 16:28 AMT
ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին․ Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական

ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացմանը խոչընդոտնելու վերաբերյալ ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարարի մեղադրանքին, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական։

Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից 1 ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։

Նշվում է նաև, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

«Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 10-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն, հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը՝ Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում ըստ էության ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։

Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։

Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 10-ի և հունվարի 11 հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը չի պարունակում ականզերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանն ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին 2017թ․ Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը, այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմն այնուհանդերձ երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։

«Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 10-ի հայտարարության հետևողական իրականացման մասով»,-ասվում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության մեկնաբանության մեջ։