Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ հանդիպմանը փոխգործակցության հարցեր է քննարկել:
Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները:
Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է մասնավորապես ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները: