29 հուլիսի 2021 - 14:41 AMT
Ավանեսյան․ 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման

44-օրյա պատերազմում զոհվածների 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա`նույնականացման։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում։

«Ցավոք սրտի, ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չի հաջողվում նույնականացնել։ Հոլանդացի գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն, և դրանք հիմա տեղափոխման գործընթացի մեջ են»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Ավանեսյանը հայտնել է՝ չի կարծում, որ դրանց պատասխաններն արագ կլինեն։

«Նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի։ Հենց մենք ունենանք դրանց պատաախսանները՝ անպայման կհանրայնացնենք»,-հավելել է նա։

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Արցախյան վերջին պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման աշխատանքները երկարում են, քանի որ կան աճյուններ, որոնց դեպքում առաջին անգամ հնարավոր չի եղել ԴՆԹ որոշել: Այդ դեպքում մարմինները կամ մասունքները կրկնակի փորձաքննության են ենթարկվում և նույնիսկ այդ դեպքում ոչ միշտ հնարավոր եղել նույնականացնել աճյունները»։