29 հուլիսի 2021 - 15:45 AMT
Կալաշնիկովը Փաշինյանի՝ ՀՀ-Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկն ավելի շատ քաղաքական է կոչել

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանի ՀԱՊԿ դիտարկման առաքելություն տեղակայելու մասին, քաղաքական բնույթ է կրում։

«Անվտանգության այդպիսի հարցերն ավելի հաճախ հրապարակային չեն լուծվում։ Հայտարարությունները բաց հարթակներում մամուլի ներկայությամբ արվում են այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ քաղաքական միավորներ վաստակել, հաստատվել կառավարական մակարդակում, խորհրդարանում կամ ինչ-որ այլ տեղ»,-ասել է Կալաշնիկովը, գրում է Interfax-ը։

Կալաշնիկովը կարծում է, որ սկզբից Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել իր մակարդակում։ «Չէ որ նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է անդամ երկրների դիրքորոշումները, մասնավորապես, Տաջիկստանի, հասկանում է, ինչ է այնտեղ կատարվում, այնտեղ հիմա շատ անհանգիստ է։ Այս կապակցությամբ ամեն ինչ շատ կոկիկ պետք է անել»,-ասել է նա։

Ըստ Կալաշնիկովի, «հարցը շատ բարդ է, լուրջ է, առաջին հերթին, այն պետք է լուծվի 3 ղեկավարի կողմից՝ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի»։

«Եթե դա առաջին հերթին հրապարակավ է արվում, այստեղ արդեն ավելի շատ քաղաքականության հոտ է գալիս»,-ասել է նա։

Նա ասել է նաև, որ «միջադեպերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին, փառք Աստծու, դեռ քիչ են և կատարվում են կուտակման էֆեկտից, այլ ոչ թե նրանից, թե այնտեղ ինչ-որ մեկը մեկի վրա հարձակվում է»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։