18 մարտի 2009 - 21:03 AMT
Ցեղասպանություններ ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիան Բարակ Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անցյալ շաբաթ Ցեղասպանություններ ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիան Բարակ Օբամային նամակ հղեց, որում ամերիկյան նախագահին կոչ արեց Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ջարդերը ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում Ցեղասպանություն ճանաչել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA):
«Եթե Դուք ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, ապա կապացուցեք, որ Դուք այն առաջնորդն եք, որը պետք է ազնվությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վճռականորեն քննադատի ցեղասպանությունները աշխարհում»,- ասվում է IAGS-ի նամակում: Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մասին` IAGS-ի գիտնականները ընդգծում են, որ հենց թուրք ժողովրդի շահերից է բխում իր վրա վերցնել Օսմանյան կառավարության պատասխանատվությունը եւ ճանաչել սեփական անցյալը այնպես, ինչպես դա արեց Գերմանիան Հոլոքոստի դեպքում:
«Ավելի քան մեկ տասնամյակ թուրք գիտնականները, գրողները վտանգում են սեփական կյանքը` խոսելով Հայոց ցեղասպանության ճշմարտության մասին: Նրանք հասկացել են, որ սեփական երկրի անցյալի ճանաչումը, անկախ այն բանից, թե որքան մութ է այն, ժողովրդավարության հաստատման անբաժան մասն է կազմում»,- նշվում է IAGS-ի ներկայացուցիչների նամակում:
AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր հերթին նշել է, որ Բարակ Օբամայի առաջիկա այցը Թուրքիա ունիկալ հնարավորություն է ընձեռում Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար: «Մենք ողջունում ենք IAGS-ին` նրա նախաձեռնության եւ պատմական արդարության վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար` որպես ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի մեթոդ»,- հայտնել է Բրայան Արդունին: