29 հուլիսի 2021 - 18:32 AMT
Մարզպետ․ Մուտքը Կութ փակվել է անվտանգության նկատառումներով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չեն տվել մտնել Կութ գյուղի վարչական հատված, շփվել բնակիչների հետ, Սանոսյանն ասել է, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Կութ գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում։ Դրանից ելնելով՝ հաշվի առնելով, որ սահմանում նախորդ գիշեր գրանցվել էր մի շարք հատվածներում փոխհրաձգություն, այդպիսի որոշում է կայացվել՝ անվտանգությունից ելնելով»,-ասել է մարզպետը, գրում է Panorama.am-ը։

Սոթքի հանքավայրի աշխատակիցների տարհանումը, տեխնիկայի որոշ մասի դուրսբերումը, Սանոսյանի խոսքով, եղել է նույն անվտանգության նկատառումներով, հանքն այս պահին չի աշխատում։

«Երբ անվտանգության խնդիր չի լինի, կսկսեն աշխատանքը»,- ասել է նա:

Այդ հատվածում, Սանոսյանի խոսքով, ռուս խաղաղապահներ չեն տեղայակվել։

Անդրադառնալով ռուս սահմանապահների հետ բանակցությունների հարցին՝ Սանոսյանն ասել է, որ բանակցությունների մանրամասները չի կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չի զբաղվում դրանով։ Նա հավելել է, որ որոշակի պրոցես եղել է և կա, որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են սահմանապահները տեղակայվել։ Իսկ թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, չի կարող ասել։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող։

Սոթքի հանքի աշխատակիցները ադրբեջանական զինուժի կրակոցների պատճառով ստիպված են եղել լքել հանքի տարածքը։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել է, որ աշխատակիցները տարհանվել են այն ժամանակ, երբ սկսվել են անկանոն կրակոցները: