29 հուլիսի 2021 - 19:05 AMT
Զասը՝ սահմանային վիճակի մասին․ Հակասությունները պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական միջոցներով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, իսկ հակասությունները պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական միջոցներով։

«Հուլիսի լույս 28-ի գիշերը ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի 3 զինծառայող, 4-ը վիրավորվել է (վիրավորները, ըստ ՀՀ ՔԿ-ի, 5-ն են՝ խմբ․)։ Խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ 2020թ. նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա։

Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներ»,-ասվում է մեկնաբանության մեջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ողջունել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ՌԴ ջանքերը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։