30 հուլիսի 2021 - 10:18 AMT
ՀՕՊ-ը կասեցրել է ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտքի փորձերը

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի՝ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։