30 հուլիսի 2021 - 10:38 AMT
Ռիքերն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի դեէսկալացիայի կարևորությունը

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ հերախոսազրույցում Գեղարքունիքի մարզում հայկական դիրքերի վրա իրականացված ադրբեջանական զինված ուժերի հարձակումը որակել է որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն, տեղեկացնում ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը:

Ընդգծվել է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո:

Զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների և քաղանձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրգործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Գրիգորյանը և Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում գործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։