30 հուլիսի 2021 - 11:22 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը հորդորել է Բաքվին և Երևանին խաղաղ լուծել չլուծված հարցերը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, լուրջ մտահոգություն է հայտնել և հորդորել խաղաղ ճանապարհով լուծել չլուծված հարցերը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայ-ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին մարդասիրական քայլերի վրա և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 10 -ի հայտարարությունը՝ չլուծված հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։