30 հուլիսի 2021 - 10:56 AMT
Ֆոտո. ՀՕՊ-ը խոցել է Aerostar տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի Վանեվան գյուղի մոտ

Հուլիսի 29-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրված ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերի կասեցման արդյունքում, մասնավորապես, խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող Aerostar տիպի ԱԹՍ։

Խոցված ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները:

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։