30 հուլիսի 2021 - 11:10 AMT
ՄԽ համանախագահների հորդորը ՀՀ-ին և Ադրբեջանին՝ երկկողմ ուղղակի խորհրդակցություններ սկսել իրենց հովանու ներքո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը՝ ՌԴ-ից) հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ։

Համանախագահները հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ու ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 10-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները հաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:

Այդ համատեքստում նրանք կրկնել են երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ վերանայել և համատեղ համաձայնեցնել կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները, առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատել են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին:

ՌԴ-ն փոխել է իր համանախագահին ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իգոր Խովաևը փոխարինել է Իգոր Պոպովին, որը համանախագահ էր 2010-ից։