30 հուլիսի 2021 - 13:37 AMT
ՊՆ․ Ադրբեջանը կրկին սադրանքի է դիմել Նախիջևանի ուղղությամբ՝ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին ադրբեջանական Զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ն, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի ուղղությամբ հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից 5 զինծառայող է վիրավորվել, 3 զոհվել։

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող՝ ավագ լեյտենանտ։

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը։