30 հուլիսի 2021 - 16:03 AMT
Հովսեփյան․ «Հողատու», «կապիտուլյանտ» որակումներն ինչպե՞ս եք գնահատելու՝ օրենքը չի գործի կամ սուբեյկտիվ մոտեցում կլինի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քննարկման դրված հայհոյանքի քրեականացում նախատեսող նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննարկման ժամանակ հարցրել է, թե ինչպե՞ս են գնահատվելու հանրության կողմից իշխանությանը տրվող «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» որակումները։

«Կամ ինչպե՞ս է գնահատելու Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե այսպիսի որակումները չեն տարվելու այս օրենքի դաշտ, ապա խնդիրներ են առաջանալու՝ հիմք է ստեղծվելու հետապնդումների համար․ Կամ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կամ օրենքը չի գործելու»,-ասել է պատգամավորը։

Նրան արձագանքել է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ բոլորն էլ տարբերում են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը։

Ըստ օրինագծի, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Իսկ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: