31 հուլիսի 2021 - 17:20 AMT
Հայաստանը՝ Forbes-ի ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում

Forbes-ի իսպանալեզու տարբերակը ներառել է Հայաստանն ամենատպավորիչ զբոսաշրջային ուղղությունների 7-յակում, ուր կարելի է այցելել վերջին 15 ամսում ճամփորդություններից զուրկ մնալուց հետո, չնայած Covid-19-ին։

Պարբերականը խորհուրդ է տալիս այցելել երկիր՝ վայելելու հանրահայտ հայկական կոնյակը, որը, ինչպես ասվում է հոդվածում, ընկույզի, համեմունքների, մուգ շոկոլադի և վանիլինի նուրբ բուրմունք ունի։ Նշվում է, որ կոնյակի պատրաստման գաղտնիքը խաղողի յուրահատուկ տեղական տեսակների, Արարատյան դաշտավայրի միկրոկլիմայի և կրկնակի թորման և կաղնու տակառներում պահման հնամենի մեթոդի համադրությունն է։

«Կոնյակի համտեսի գործընթացը լի է պատմություններով և առասպելներով։ Օրինակ, այն մասին, թե ինչպես է Յալթայի կոնֆերանսի ժամանակ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինը մեկ գավաթ «Արարատ» առաջարկել Ուինսթոն Չերչիլին, որին այն շատ է դուր եկել»,-ասվում է հոդվածում։

Forbes-ի ցուցակում են նաև Մալթան, Նամիբիան, Էկվադորը, Իռլանդիան, Վրաստանն ու Բոլիվիան։

Արտերկրից ՀՀ ժամանողները պետք է ՊՇՌ թեստի հավաստագիր ունենան՝ արված, ոչ ուշ, քան ուղևորությունից 72 ժամ առաջ։